Երկեր
Լույսի հեղինակը կամ գրառումներ` խելագարի օրագրից
Ամենաերկար ճանապարհը, որ կարելի է անցնել
մի շնչում,
բառն է: Իսկ ընդհանրապես Պիկասոյի գիծը
ավելի Պիկասո է, քան ինքը`
Պիկասոն: Եվ յուրաքանչյուր նշան` լինի ձուկ,
բառ, թե բիբլիական լեռ,
թիրախ է: Քանի որ
մութն է լույսի հեղինակը: Քանի որ
լռությունն է խոսքի որակը: Քանի որ
փուշն է ամենագեղեցիկ ծաղիկը: Քանի որ
մենք երբեք չենք կարող լինել նա` ով կուզենայինք, առանց
ձևանալու, մենք միշտ
նա ենք` ով չենք կարող չլինել: Քանի որ ժամանակի
ամենափոքր միավորը հավերժությունն է: Քանի որ
սերը չափվում է հեռավորությամբ,
իսկ հեռավորությունը` մոտիկությամբ: Քանի որ
բառը կենսաբանական կոդ է: Քանի որ
ոչ մեկն իրավունք չունի մինչև իրեն ստեղծված ոչ մի
բառով տող գրել, պիտի գրել
միայն ու միայն
քո ստեղծած բառով,
տառերը բացառություն կարող են լինել: Սա է իրականությունը`
բոլորը բոլորին հասկացան, էլի
Չարենցը մնաց անհասկանալի: Որովհետև ոչ մի
ճանապարհով չի գնացել Չարենցը, բայց նրա
ճանապարհները հասել են… Քանի որ
ճանապարհներն են գնացել Չարենցով: Ինձ մնում է
հորդորել ինձ`
ընկնել ամպայման` եթե դա… ելնելու համար է: Քեզ
ինչ, թե քեզ սիրում եմ, վերջապես,
հո դո՞ւ չես սիրողը: Քարը,
որ հանդում քնելիս միշտ իմ գլխատակին էի պահում,
արդեն սկսել է բանաստեղծություններ գրել: Եվ
ես դատապարտված եմ առաջին ուղևորը լինելու
այն ճանապարհի, որ իմ քայլերով է բացվել: Քանի որ
առանց տխրության սարսափելի տխուր է: Քանի որ
թշնամիներին պետք է տաճար կառուցել ուսացնել,
որ տաճար ավերելը մոռանան: Քանի որ
յուրաքանչյուր կառույց, անգամ եթե զուգարան է,
իր մեջ դարերի մշակույթ ունի: Քանի որ գիրքը
բոլոր ժամանակների
քաղաքականության առանցքն է
եղել միշտ, անգամ այն ժամանակ, երբ դեռ գիրքը չկար:
Քանի որ սովորաբար արքաներ են ընտրվում
նրանք, ովքեր չկան,
բայց իրենք ինչ մեղք ունեն, երբ իրենք չգիտեն, որ չկան: Քանի որ
հիասթափությունները հաջորդում են իրար: Քանի որ
անախորժությունները հաջորդում են իրար: Քանի որ
ատելությունն ու ոչ ատելությունը
սերը և ոչ սերը
բարոյականությունը և անբարոյականությունը
հաջորդում են իրար: Քանի որ
ողբերգությունները հաջորդում են իրար: Քանի որ
բոլոր օրերը մի օր են` տարբեր ամսաթվերով: Քանի որ
հասարակությունը մարգարեացել է այնքան,
որ թքած ունի բանաստեղծության ու ընդհանրապես
ամեն մի գրության վրա`
եթե դրանք թվագումարներ չեն ցուցանում: Քանի որ
ես ատում եմ աշխատանքը, որովհետև այդ նա է
կապկին մարդ դարձրել, և մինչև հիմա
անդառնալի ցավ է ապրում բնությունը: Քանի որ
գեղեցկությունը և մաքուր զգացումն արատներ են հոգու,
որովհետև ի վերջո պոռնկացնում են աշխարհը: Քանի որ
հայրենիքից անտանելի ոչինչ չկա արդեն,
մանավանդ` երբ օտարության մեջ ես և նա ոտքիցդ կապված
քարշ է գալիս քեզ հետ`
ուր էլ գնաս,
չի թողնում մի կարգին քայլես, մի կարգին ժպտաս: Քանի որ
ես երկար ժամանակ է քեզ չեմ հանդիպում… Եվ
դա նրանից է, որ ինքս ինձ մոտ վաղուց չեմ լինում: Քանի որ
գիշերները ոչ թե Լոռուց, այլև աստղերից
Դևբեդի պես փրփրաբաշ
ձիեր են իջնում, խրխնջում են
Հրանտ Մաթևոսյանի շիրիմի մոտ, բաշերը քսում նրա
շիրիմաքարին ու հեռանում: Քանի որ
մեր աշխարհ գալու ժամանակի մասին մենք միշտ անտեղյակ
ենք լինում, դա իմանում են միայն մեր ծնողներն ու Աստված,
իսկ մեր գնալու մասին`
Աստծուց բացի, ուրիշ` ոչ ոք չգիտե: Քանի որ
սանձը , որ հագցնում են ձիուն, ավելի շատ ձիավորին
է նեղում, որովհետև
եթե դաշտն անճանապարհ է, ձին ավելի լավ գիտե ուղին: Քանի որ
սատանաներն արածում են ամպերի վրա, և
անձրևները դեռ ուշանալու են: Քանի որ
իմ գլխատակին արահետներ է դրել մայրս,
անընդհատ
ուզում եմ վազել: Քանի որ
համբերության արյունը կաթ-կաթ ծորում է
ածելիի լռությունից, և իմ ափի մեջ պահվում են
այն հեռուները, որոնք ես նշել եմ երբևէ ցուցամատով.
դրանց մեջ շատ հավքի բներ կան: Քանի որ
մենք չգիտենք, որ մենք հող ենք, և
մեր չիմացածը
վերագրում ենք հողի մարգարեությանը: Քանի որ
լեռը շատ ծանր էր, որպեսզի կարողանար
թռչունը պոկվեր նրանից: Քանի որ
երեկ մի կում գինի եմ խմել,
երբ կանգնած էի Արարատի գագաթին. գինին
Հիսուսն էր ուղարկել ինձ: Քանի որ
ձին արևելքի սուրհանդակն է, և
մութի միտումներն անհաշիվ, անթիվ են: Քանի որ
վրա է հասել ծաղկախոսության ժամանակը, և
կայծակները մտրակի պոչ են խաղացնում
անտառի վրա: Քանի որ
աչքերս պահ եm տվել հուշերիս: Իսկ
սերը սպառվում է այն ժամանակ, երբ
հողը չի սերմնավորվում: Քանի որ
ինչ էլ լինի` ես կհասցնեմ լինել քեզ մոտ, ասել
ամենագլխավորը` ինչ դեռ ոչ մի բառի չեմ վստահել,
կհասցնեմ, քանի դեռ վերջին տերևը չի ընկել
ծառից ցուրտ նոյեմբերի: Քանի որ
խոսքը ծառերի տեղաշարժումն է դեպի ինչ որ վայր: Քանի որ
իմ ծնունդը ժամանակի սովորական մի նիշ էր ընդամենը: Քանի որ
մահը ծննդյան միակ ելքն է: Քանի որ
շունը սսկվել է` քարը-հաչում է լուսնի վրա: Քանի որ
մրջյունը երբ կարդում էր ինձ` խոտի ծայրին
ծաղիկ էր հայտնաբերվում: Եվ
հիշողությունը, ի վերջո,
անհամաձայնություն է ներկայի հետ: Քանի որ
մեկնումը մարմաջ է գնալ-չհասնելու`
անորոշ տարածքի շրջանակներում: Քանի որ
ամպը ծերության նշան է,
անձրևն` ինչ որ բաներ է ճշգրտում: Քանի որ
պատերազմը կռիլովյան սայլ է, որ պիտի անցնի
սայլվորի վրայով,
կամ` բոլորովին չպիտի անցնի: Քանի որ
ռիթմի շարժումը սևի նահանջ է արևից առաջ: Քանի որ
վայրկյանները թեև արագություն են հավաքում
անընդհատ, բայց երբեք չեն հրաժարվում
իրենց զրահներից,
որ կրում են միայն կրիաները: Քանի որ
անորոշը երթուդարձ է օրվա շրջանակից դուրս: Քանի որ
թևը սիրո հորդոր է,
խավարը` տխուր համոզմունք: Քանի որ
այնտեղ, ուր այլևս հեռու չկա,
ձեռքը մեռնում է ստեղների վրա: Եվ
օրերը կշռաքարեր են դառնում ցավի նժարներին: Քանի որ
ահի մեջ ձյուն կա և ճերմակ ածուխ: Որովհետև
քանի դեռ նետը չի արձակվել` ես միշտ աղեղի
ծայրին եմ: Քանի որ
գիշերը ցերեկվա թափառաշրջիկ դարձած
ստվերների հավաքածու է, գուցե`
կացարան կամ կատարածու: Եվ ես ստիպված եմ նրանց
առաջնորդել դեպի… լույսը: Քանի որ
ձայնիդ մեջ տարանջատում կա` երբ չես խոսում, և
ինչ-որ ոտքեր են անցնում`
ջնջելով վայրկյանները, որոնք
ժամանակի հետքերն են`
երբեք չմոռացվող: Ավելին, կարող են նրանք
քեզ դիմավորել
այնտեղ, ուր գնում ես: Քանի որ
կաթիլը համբերության աչքն է գուռի մեջ: Քանի որ
դու կուրացել ես այնքան, որ սկսել ես տեսնել այն,
ինչը չի երևում: Իսկ տեսողությունը
հեռվի չհաշվարկած ճշգրտությունն է: Քանի որ
անբեկանելի է մեռնողի խորհուրդն ապրելու մասին: Քանի որ
ես ինքնաբացարկ տված ճանապարհ եմ` երբ
քայլողը դու չես, քանի որ
ես չեմ ուզում ծաղիկները պոկել` տուն տանելու, և
մի ամբողջ գիշեր ինքս եմ մնում ծաղիկների մոտ: Քանի որ
ինքս իմ ստվերում արդեն
չեմ երևում: Քանի որ ամեն հայացք ոտքի երես չտեսած
ճանապարհ է: Քանի որ
իմ սերն այնպիսինն է, ինչպիսին լինում են բոլոր
մեծ սերերը` մեծ հիասթափություններից առաջ: Քանի որ
ամենակարճ ճանապարհը, որ հնարավոր չէ, սակայն, անցնել
մի ամբողջ կյանքում,
բառն է: Մահը ևս երգելու մի տեսակ է երևի,
պարզապես բառերը սպառված են լինում:
Հ.Գ.
Ես չկարողացա փրկել լուսինը,
որովհետև
գիշերն արդեն հեռանում էր: